Յոթ ցլիկ եմ ծախել
և յոթը խոյ,
ոսկին դրել եմ ոսկու վրա,
յոթ ոսկի էլ կինս է
Ճակտնոցից պոկել
և գոտին է տվել իր արծաթյա,
իմ ըղձատու՛ Մայրիկ,
իմ Մարաթուկ Մայրի՛կ Աստվածածին,
մինչ Բաղդադ եմ հասել,
մինչև Հալեպ,
գերությունից գիրք եմ փրկագնել՝
մի վառվռուն մատյան՝
ծաղկուն պատկերք,
կապտամելան երկինք, ինքն է Աստված,
որդան կարմիրներում ինքն է որդի,
երկաթագիր պայման՝ ինքն է հոգի․․․
Իմ մանկատու Մայրի՛կ Աստվածածին,
մեզ մի զավակ ընծա
դու պարգևիր,
իսկ թե շատ է ծանր խնդիրքը իմ,
գոնե թույլ տուր որպես
մխիթարանք վերջին
տանեմ այս մատյանը որդեգրեմ։
Գագիկ Սարոյան